Աշոտ Սալնազարյանի մասին 

Աշոտ Սալնազարյանը երկար տարիներ աշխատել և դասավանդել է ՀՊՏՀ-ում՝ կրթելով ֆինանսական ոլորտում բանիմաց կադրերի մի քանի սերունդներ։ Նա միշտ եղել է հետազոտական աշխատանքների իրականացման ակտիվ ջատագով: Նախաձեռնել է բազմաթիվ գիտաժողովներ և քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին դուրս գալու կրթական կարծրատիպերի սահմանափակումներից և խորացնելու իրենց գիտելիքները։

Աշոտ Սալնազարյանին նվիրված գիտաժողովը նպատակ ունի շարունակելու վաստակաշատ դասախոսի գիտամանկավարժական գործունեության ավանդույթները: Գիտաժողովի շրջանակում ուսանողներին հնարավորություն կընձեռվի իրենց գիտելիքները փորձարկելու մասնագիտական ոլորտում, մասնակից դառնալու պրակտիկ հարցերի և առկա խնդիրների վերլուծական քննարկումներին, ինչպես նաև բացահայտելու սեփական հնարավորությունները:

Կենսագրություն

Աշոտ Սալնազարյանը ծնվել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ 1975թ․-ին ոսկե մեդալով ավարտել է Փանիկի միջնակարգ դպրոցը։ 1979թ․-ին ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը։ 1979-1981թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։ 1988թ․-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Շահույթի բաշխման մեխանիզմը տնտհաշվարկային հարաբերությունների խորացման պայմաններում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1981-1990թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։

1990-1999թթ․ եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դրամաշրջանառության և արժեթղթերի վարչության, այնուհետև՝ արժեթղթերի շուկայի տեսչության պետ։ 1999-2002թթ․ աշխատել է «Հայռուսգազարդ» ընկերությունում։ 1995թ․-ից համատեղությամբ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2003թ․-ից դարձել է արժեթղթերի շուկայի ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 

2003թ․-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառույթները և արդյունավետությունը» թեմայով և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2008-2011թթ․ զբաղեցրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկանի պաշտոնը, 2011թ․-ից եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կորպորատիվ ֆինանսների ամբիոնի վարիչ, 2013-2020թթ․՝ ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ։ 

2009թ․-ից՝ հիմնադրման օրվանից մինչև 2020 թթ․ եղել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ։ 2007-2020 թթ․ եղել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։

Աշոտ Սալնազարյանը հեղինակել է ավելի քան 80 գիտական աշխատանքներ, այդ թվում մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, բաժիններ դասագրքերում, գիտական հոդվածներ և այլն։ Նրա ղեկավարությամբ հաջողությամբ իրենց թեկնածուական թեզերն են պաշտպանել ավելի քան 30 ասպիրանտ և հայցորդ։

Աշոտ Սալնազարյանը բազմիցս մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Հնդկաստանում ֆինանսական և արժեթղթերի շուկայի վերաբերյալ դասընթացներին, սեմինարներին, գիտաժողովներին, ստացել դիպլոմներ ու հավաստագրեր։